Հորացիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հորացիոս
լատ.՝ Q. Horatius Flaccus
Quintus Horatius Flaccus.jpg
Ծնվել էդեկտեմբերի 8, մ. թ. ա. 65[1][2][3]
ԾննդավայրՎենոզա, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 27, մ. թ. ա. 8[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Հին Հռոմ
ԳերեզմանՀռոմ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և փիլիսոփա
Լեզուլատիներեն[4]
Ազգությունհին հռոմեացիներ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներՊոետական արվեստ
Հորացիոս Վիքիքաղվածքում
Quintus Horatius Flaccus Վիքիպահեստում

Քվինտոս Հորացիոս[5] Փլակոս (լատ.՝ Quintus Horatius Flaccus; դեկտեմբերի 8, մ. թ. ա. 65[1][2][3], Վենոզա, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[2][3] - նոյեմբերի 27, մ. թ. ա. 8[1][2], Հռոմ, Հին Հռոմ), հին հռոմեացի նշանավոր գրող, հռոմեական գրականության «ոսկեդարի» ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վենոզայում, հայրը եղել է ազատարձակ։ Ստացել է կրթություն Հռոմում, հետագայում Աթենքում, որտեղ հունական գրականություն է ուսումնասիրել։ Այնտեղ նա ծանոթացել և մտերմացել է Բրուտոսի հետ, հանրապետականների բանակում նշանակվել է լեգեոնի հրամանատար։ Օկտավիանոս Օգոստոսի և Մարկոս Անտոնիոսի կողմից Բրուտոսի և Կասիոսի ջախջախումից հետո Հորացիոսը վերադառնում է Հռոմ, հաշտվում Օգոստոսի հետ և նվիրվում գրական գործունեությանը՝ վայելելով կայսրի հովանավորությունը։

Հորացիոսի առաջին բանաստեղծությունները երկտող էպոդներ են։ Հիմնականում երգիծանքի են ենթարկվում նրա ժամանակակիցները՝ անչափ երկար տոգայով զբոսնող տրիբունը (4 էպոդ), պոետ Մեվիոսը, որի նավը պիտի խորտակվի (10 էպոդ), չար կախարդը, դավաճան սիրուհին և այլն։ Հռոմեացիներին «հեռու կղզիներ փախչելու» կոչ է անում (16 էպոդ)։

Էպոդներից անցնում է սատիրաներին, ընտրելով փիլիսոփայական դիատրիբայի ձևը։ Նրա սատիրաները նվիրված են տարբեր թեմաների՝ քաղաքական, փիլիսոփայական, երգիծական։ I գրքի I սատիրայում պոետը ծաղրում է իրենց գանձերը թաքցրած և ցնցոտիներ հագած ժլատներին։ Ըստ Հորացիոսի, մարդը պիտի ապրի բնության հետ ներդաշնակ՝ հաճույքներ ստանալով առօրյա կյանքից։

VI սատիրայում նա նկարագրում է սեփական համեստ կյանքը. նա երջանիկ է, քանի որ ոչ մեկից կախում չունի և ազատ տնօրինում է ժամանակը։ Հորացիոսը գովերգում է ընկերական հավատարմությունը և կոչ է անում ընկերոջ թուլությունների հանդեպ ներողամիտ լինել։ V սատիրայում պոետը նկարագրում է Օկտավիանոսի և Անտոնիոսի բանակցություններին մասնակցելու համար Մեկենասի և Վերգիլիոսի հետ Բրունդիզիում կատարած ճանապարհորդությունը։ Շրջանցելով քաղաքական հարցերը, Հորացիոսը նկարագրում է կենցաղային մանրամասները, ճանապարհի դժվարությունները, համեստ ուրախությունները։

Սատիրաների II ժողովածուն ավելի հասուն է, նախապատվությունը տրված է երկխոսության ձևին։ VI սատիրայում հեղինակը պատմում է իր կալվածքի դրվածքի մասին։ Հետաքրքիր է սեփական դիմանկարի ինքնաքննադատությունը. պոետը խոստովանում է իր բնավորության փոփոխականությունը, ծուլությունը և դյուրագրգռությունը։ II գրքի V սատիրայում հույն գուշակ Տիրեսիասը Ուլիսեսին՝ Ոդիսևսին կորցրած հարստությունը վերադարձնելու ուղիներ է հուշում, խորհուրդ տալիս դիմել Օգոստոսի դարաշրջանին հատուկ շողոքորթությանը և ստորությանը։

Մ.թ.ա. 23 թ.–ից Հորացիոսը սկսում է գրել օդաներ (ներբողներ), որոնց մեջ այլևս չի շոշափում քննադատական և ծաղրական մոտիվներ։ Ի տարբերություն Կատուլոսի սուբյեկտիվ պոեզիայի՝ Հորացիոսի օդաները, ժամանակի վեհակերտությանը համահունչ, գրված են հանդիսավոր տոնով, կոչ են անում «իմաստության», զերծ են հուզականությունից, կրքերի և դժբախտությունների նկարագրություններից։ Հորացիոսի օդաները բազմազան են՝ ուղերձներ ընկերներին, հիմներ աստվածներին, մտորումներ, սիրային բանաստեղծություններ։

Մ.թ.ա. 17 թ. Հռոմում կազմակերպվեցին քաղաքացիական պատերազմների ավարտը խորհրդանշող «սեկուլյար խաղեր» տոնը։ Տոնական հիմնի ստեղծումը հանձնարարվեց Հորացիոսին, ով Վերգիլիոսի մահից հետո (մ.թ.ա. 19 թ.) համարվում էր կայսրության մեծագույն պոետը։ Հիմնում Հորացիոսը գովերգում է Օկտավիանոս Օգոստոսին, նրա բարեփոխումները, հռոմեական պետությունը, «նոր դարի սկիզբը»։

Հորացիոսի ստեղծագործական վերջին տարիների նախընտրած ժանրը ուղերձներն են՝ չափածո նամակները։ Ինչպես և սատիրաները, դրանք նույնպես գրված են անկաշկանդ զրույցի ձևով, սակայն այստեղ բացակայում է ծաղրանքը, իսկ «հորացիական իմաստությունը» արտահայտվում է Օգոստոսին, Մեկենասին, Տիբերիոսի քարտուղար Ֆլորին ուղղված խորհուրդների ձևով։ Ուղերձների երկու գրքերը լույս տեսան համապատասխանաբար մ.թ.ա. 20 և 14 թթ.։ Երկրորդ գիրքը բաղկացած է գրականությանը նվիրված երեք նամակից, որոնցից կարևորագույնը հայտնի է «Պոետական արվեստ» խորագրով։ Այստեղ Հորացիոսը ներկայանում է որպես հռոմեական կլասիցիզմի տեսաբան։ Պոետական ստեղծագործությունից նա պահանջում է ներդաշնակություն և մասերի համաչափություն, իսկ պոետից՝ կրթվածություն և դատողություն։ Տաղանդը պետք է ամրապնդել քրտնաջան մասնագիտական աշխատանքով։

Հորացիոսի պոեզիան բարձր է գնահատվել Պետրարկայի և Վերածննդի մյուս հումանիստների, XVII դարի տեսաբանների, ինչպես նաև XVIII և XIX դարի սկզբի ֆրանսիական և ռուսական պոետների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]